28/01/2013

Նախաձեռնվել է շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողների այցը ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հունվարի 27-ի ուշ երեկոյան երևանցի շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողներ հարմարավետ ավտոբուսներով մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրը իրենց որդիների հետ նշելու:

Ծրագրի իրականացման պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ, ինչպես և նախատեսվել էր, մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի կողմից նախապես ներկայացված ցուցակների համաձայն, ընտրվել են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց որդիները ծառայում են արդեն ավելի քան մեկ տարի:

Նաև զեկուցվել է, որ ողջ ճանապարհի երկայնքով ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները ու, բացի այդ, յուրաքանչյուր ավտոբուս ապահովվել է նաև մեկ բժշկով: Պատասխանատուները նշել են, որ ապահովված է նաև քաղաքացիների սնունդը:

Զեկույցն ընդունելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը անձամբ ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, շնորհավորել ծնողներին Հայոց բանակի օրվա կապակցությամբ և մաղթել նրանց բարի երթ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նման նախաձեռնության համար` ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց հերթին շնորհավորել են Տարոն Մարգարյանին տոնի առիթով և նկատել, որ նման նախաձեռնություններով հերթական անգամ փաստվում է, որ քաղաքային իշխանությունն իսկապես բարձր է գնահատում Հայոց բանակի դերն ու նշանակությունը:

 

 

Նկարներ