28/10/2019

Ակտիվ քաղաքացի. ինչպես են քաղաքացիները մասնակցում Երևանի զարգացմանը

Activecitizen.am-ը կամ «Ակտիվ քաղաքացի» կամ հանրային բյուջե: Ամիսներ առաջ ստեղծված այս հարթակի միջոցով քաղաքացիներին հնարավորություն տրվեց ներկայացնել սեփական առաջարկները, թե ինչ կցանականային ունենալ քաղաքում: 

«Հարթակի ստեղծումը Հայկ Մարությանի նախընտրական խոստումն էր, որը նախատեսում էր մասնակցային կառավարում և հետագայում արդեն էլեկտրոնային հանրաքվեների իրականացում: Այս հարթակը նաև լավ հանրավորություն է քաղաքային իշխանության համար՝ հասկանալ քաղաքացիների հոգսերը, առաջարկները: Սա հանրապետության և համայնքային մակարդակով առաջին փորձն է»,-նշում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
Մի շարք զարգացած քաղաքներում ընդունված փորձը Երևանում կիրառելու համար նախատեսվում է տարեկան 500 մլն դրամ: Յուրաքանչյուր առաջարկի իրականացման արժեքը պետք է չգերազանցի 30 մլն դրամը: Երկու ամսվա ընթացքում հարթակը ստացավ շուրջ 700 առաջարկ: Սքեյթ-պարկ, երգող նստարաններ, անկենդան կրկես, լիցքավորման արևային մարտկոցներ, մարզական խաղահրապարակներ, թվային գրադարաններ, վերելակային թեքահարթակներ, աղբը տեսակավորող «խելացի» աղբամաններ: Առաջարկները ամենատարբեր ոլորտներից են՝ իրական ու երևակայական:
«Առաջարկներից 204-ը, որոնք համապատասխանում էին հարթակի կանոններին, ընդգրկվել է հարթակում՝ քվեարկության համար»,- ասում է Հովսեփ Կուբատյանը:
Առաջարկներին ծանոթանալ և քվեարկել հնարավոր է այցելելով activecitizen.am կայք: Հարթակում արդեն գրանցվել է շուրջ 4000 քաղաքացի: Եթե չեք հասցրել գրանցվել, դեռ ուշ չէ:
Քվեարկել կարելի է բոլոր առաջարկների օգտին՝ մեկ անգամ: Միայն թե քվերակությանը կարող են մասնակցել երևանցիները կամ, օրենքի լեզվով ասած, այն քաղաքացիները, որոնք իրավունք ունեն մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին:
«Առաջին անգամ պետական կայքում օգտագործվեց blockchain տեխնոլոգիան, և քվեարկության ամեն ձայնը, որ քաղաքացին տալիս է, ստուգվում է»,-նշում է հարթակի ղեկավար Իզաբելլա Նիկողոսյանը:
Քվեարկությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 10-ը: Արդյունքների ամփոփումից հետո պարզ կլինի, թե որ առաջարկները կիրագործվեն:
Արդեն 2020-ին երազանք թվացող մի շարք առաջարկներ կդառնան իրականություն:
«Ակտիվ քաղաքացի».ամ-ը կշարունակի գործել նաև որպես քաղաքային հանրաքվեների հարթակ:

Նկարներ