27/12/2012

Եվս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխվել է ավտոբուսայինի, մեկը` մասնավոր ներդրումների հաշվին

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի նոր հայեցակարգի պահանջներից մեկը միկրոավտոբուսների թիվը զգալիորեն կրճատելն ու դրանք միջին տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելն էր: Ըստ այդմ, նախատեսված էր նաև երթուղիներ շահագործել մասնավոր ներդրումների հաշվին: Այս համատեքստում, երթուղիների մրցույթների անցկացումից հետո, այս տարի առաջին անգամ, <<Հայր և որդի Մկրտչյաններ>> ընկերության ներդրման արդյունքում թիվ 28 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ թիվ 8 համարանիշով կսպասարկվի հարավկորեական արտադրության <<Հունդաի>> մակնիշի 18 նոր ավտոբուսներով, որոնք հագեցած են ուղևորների համար հարմարավետ երթևեկության սահմանված չափանիշներով: Մասնավոր ընկերությունների կողմից մինչև 2013 թվականի առաջին եռամսյակ Երևան կբերվի միջին տեղատարողությամբ ևս 92 ավտոբուս, ինչը հնարավորություն կտա ավտոբուսայիններով վերափոխելու ևս 5-6 երթուղի: Այս աշխատանքները հետագա ժամանակահատվածում շարունակական բնույթ կկրեն: Մինչ օրս 6 միկրոավտոբուսային երթուղի էլ վերագործարկվել էր չինական ավտոբուսներով: Այսուհետ չինական ավտոբուսներով կսպասարկվի նաև թիվ 24 միկրոավտոբուսային երթուղին, որը վերագործարկվելուց հետո, դարձյալ առանց ուղեգծի փոփոխության, կունենա 13 համարանիշը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախատոնական օրերին, մինչև հունվարի 13-ը ներառյալ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կգործի սովորական ժամանակացույցով: Դեկտեմբերի 31-ին ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կսպասարկվեն մինչև կեսգիշեր, իսկ Երևանի մետրոպոլիտենը`մինչև ժամը 02:00-ն:

 

Նկարներ