18/02/2013

Երևանի քաղաքապետը քվեարկել է Ավանի 1/17 ընտրատեղամասում

Երևանի քաղաքապետը քվեարկել է Ավանի 1/17 ընտրատեղամասում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ, ժամը 12-ին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկությանը:

 

Ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի ընտրություն է կատարել քաղաքապետը, Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է. «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես կատարեցի իմ ընտրությունը հանուն Հայաստանի ապագայի: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուր ոք ունի ապագայի իր տեսլականը, և այդ տեսանկյունից, որպես Երևանի քաղաքապետ, ես իմ ընտրությունը կատարեցի նաև հանուն Երևանի և երևանցիների բարեկեցության, հանուն այն ծրագրերի շարունակականության, որոնք մենք կյանքի ենք կոչել ու հետևողականորեն շարունակելու ենք իրականացնել հանուն մեր պետության և ժողովրդի», - ընդգծել է Երևանի քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ օրենքով սահմանված կարգով քաղաքային իշխանությունների կողմից տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները` մայրաքաղաքում ՀՀ Նախագահի ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

 

 

Նկարներ