29/11/2018

Քաղաքապետարանում մարվել և շրջանառության մեջ են դրվել «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային նվիրված նամականիշեր

Երևանի քաղաքապետարանում այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային նվիրված չորս նամականիշով գեղաթերթիկ: Նամականիշերի մարումն իրականացրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Չորս նամականիշով գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 15 000 տպաքանակով: Գեղաթերթիկի ձևավորման հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահե Մուրադյանը:
Չորս նամականիշով գեղաթերթիկի ընդհանուր անվանական արժեքը 1450 ՀՀ դրամ է: Նամականիշերի վրա, ըստ ժամանակագրության, ներկայացված և պատկերված են Էրեբունի քաղաքի պեղված հատակագիծը, Ամիրյան փողոցի մի հատված՝ լուսանկարված 1920-ական թվականներին, Երևանի երկաթուղային կայարանի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքերը: Բացի այդ, գեղաթերթիկի վրա ներկայացված է նաև մի հատված մերօրյա Երևանի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին:

Նկարներ