29/11/2012

Երևանի գլխավոր ճարտարապետը պարզաբանել է կիսակառույց և անավարտ շինություններին առնչվող խնդիրները

Դեռևս երկու ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից  մայրաքաղաքում գոյություն ունեցող կիսակառույցների, անավարտ շինությունների ճակատագրերի  վերաբերյալ սկսված  գործընթացն արդեն  զգալի արդյունքներ է տվել:  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ նախևառաջ անդրադառնալով քաղաքային իշխանության կողմից նախապես հրապարակված՝  հանրությանն առավել  հուզող  կառույցներին և ընկերություններին: Այս համատեքստում է <<Սևան>> հյուրանոցը,  որի սեփականատերերի (<<Կարուսել Իսթաբլիշմենթ>>  ընկերություն) հետ կայացած հանդիպումների  ընթացքում քննարկվել են տարածքի  կառուցապատման հետագա խնդիրները: <<Քանի որ <<Սևան>> հյուրանոցի հարևանությամբ՝ նախկին արդարադատության նախարարության այրված շենքի տեղում  առաջիկայում կսկսվի  վարչական շենքերի (արտաքին գործերի, արդարադատության և Էներգետիկայի նախարարությունների)  նոր համալիրի կառուցումը, ուստի անհրաժեշտություն կար այդ ծրագրերը  կոորդինացնել <<Սևան>> հյուրանոցի ապագա շինարարության հետ: Այս  համատեքստում զգալի աշխատանք ենք կատարել. մշակել ենք  կառուցապատման նախագիծ՝ <<Սևան>>   հյուրանոցի տեղում կառուցվող շենքի ապագա չափորոշիչները՝ բարձրություն, խտություն, հարկայնություն, ինչպես նաև՝  հնարավոր կառուցապատման գործառույթները:  Առաջիկայում, նախկին արդարադատության նախարարության տեղում իրականացվող հողային աշխատանքներին զուգահեռ, հողային աշխատանքներ  կսկսվեն նաև <<Սևան>> հյուրանոցի տարածքում: Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրանց կողմից արագացվեն նախագծերի մշակումները՝ համաձայն մեր կողմից տրված չափանիշների: Մյուս կառույցը երիտասարդական պալատն է, (<<Ավանգարդ մոթորս>> ՍՊԸ), որի սեփականատիրոջ և նախագծողի միջև որոշակի խնդիր գոյություն ունի. Վերջինս պահանջել է սեփականատիրոջից պահպանել մրցույթում  հաղթած նախագծի չափանիշները, սակայն մենք որևէ հիմք չունենք այս հատվածում հավելյալ բարձրություններ ավելացնել ևս  20-30 մետրով և հստակ պահպանելու ենք նախկինում տրված բարձրությունը: Պայմանավորվածություն կա, որ ձմռան ամիսներին այդ փոփոխությունն իրականացնելով կսկսվի շինարարությունը:
Երևանի գլխավոր ճարտարապետի տեղեկացմամբ` <<Դվին>> հյուրանոցը նախկինում սեփականաշնորհվել է ՀՀ  կառավարության կողմից և վերջինիս հետ կապված  բանակցությունները վարում է կառավարությունը, որոնք այս պահին էլ ընթանում են:
Ն. Սարգսյանի ներկայացմամբ՝ <<Բավական արդյունավետ աշխատանք է տարվել <<Կասկադ>> համալիրի սեփականատերերի  հետ: <<Առաջարկել ենք նրանց Կասկադի կիսավարտ հատվածի իրականացման ընթացքում անպայման հաշվի առնել <<Կասկադի>> հին նախագիծը՝ արված տարիներ առաջ ՝ ճարտարապետներ  Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի կողմից>>:
Աբովյան փողոցում <<Մուլտի Գրուպ>> ընկերության կիսակառույց հյուրանոցի հետ կապված՝ Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ Աբովյան 5/5 հասցեում նախատեսվող  շենքի հետին պլանում նախապեսված  18 հարկը առաջարկվել է նվազեցնել՝ համապատասխանեցնելով տարածքում առկա հարկայնությանը: <<Մի քանի ամսից կունենանք նոր նախագիծ, որը կներկայացնենք քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի քննարկմանը>>:Ասուլիսի ընթացքում  Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից  տեղեկատվություն տրվեց նաև Ավանում, Աճառյան փողոցի մոտ 10 հա տարածքի վրա հիպերմարկետի շինարարության վերաբերյալ, որի նախագիծն  առաջիկայում (<<Ալ Համռա Ռիել Հսթեյթ Դիվելոփմենթ ԼԼՍ>> ընկերություն), կներկայացվի Երևանի քաղաքապետարան, ինչպես և անդրադարձ եղավ կայարանամեձ հրապարակի խնդրին: Նշվեց, որ այս համատեքստում բանակցություններն գրեթե ավարտված են և մի քանի օրից կառուցապատողներին արդեն կտրամադրվի քանդման թույլտվություն: <<Կիսակառույցը կքանդվի, իսկ այդ ընթացքում կավարտվեն նախագծերը: Նախատեսում ենք այդ տարածքում  կառուցապատողի հետ բանակցել՝ նախագծում <<Սասունցի Դավիթ>> կինոթատրոնի վերականգնման հնարավորությունը հաշվի առնելու համար:
Ավելացնենք, ու կիսակառույց և անավարտ շինությունները մայրաքաղաքում 5 տասնյակից ավելին են, որոնց սեփականատերերին ևս առաջիկայում ծանուցումներ կուղարկվեն:

 

 

Նկարներ