21/12/2019

«Երևանում տոն է՝ եկե՜ք Երևան». վառվեցին երկրի Գլխավոր տոնածառի լույսերը

Հանրապետության հրապարակում տոնական արարողությամբ վառվեցին երկրի Գլխավոր տոնածառի լույսերը: Ընտանիքի հետ միասին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հազարավոր երևանցիներ ու հյուրեր:
Շնորհավորելով գալիք տոների առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը բոլորին հրավիրեց Երևան՝ միասին նշելու Ամանորը:
«Տարվա ընթացքում ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ համոզվելու, որ երևանցիները բացառիկ մարդիկ են՝ նվիրված իրենց քաղաքին, երկրին ու ժողովրդին: 2019-ին նրանք կրկի՛ն ապացուցեցին դա. մենք գիտենք զվարճանքի ժամին ուրախանալ միասին, հյուրընկալել հեռու-մոտիկ երկրներից եկած մեր քույրերին ու եղբայրներին, մեր հյուրերին, միևնույն ժամանակ գիտենք նաև միասնաբար դիմակայել դժվարությունները, հոգատար լինել մեկս մյուսի հանդեպ ու տեր կանգնել մեր քաղաքին ու նրա խնդիրներին:
Ուզում եմ այս լուսավոր առիթն օգտագործել՝ մի անգամ էլ իմ սերն ու երախտագիտությունը հայտնելու ձեզ՝ սիրելի համաքաղաքացիներ, ձեր եռանդի ու նպատակասլացության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ճակատագրին՝ ձեզ հետ նույն քաղաքում ապրելու բախտի և այս քաղաքը միասնական ջանքերով ավելի լավը դարձնելու հնարավորության համար: 2019-ին մենք միասին լուծեցինք անցյալից մեզ մնացած խնդիրների մի մասը: Նաև իրար հետ ցանեցինք այն սերմերը, որոնց պտուղները ճաշակելու ենք արդեն գալիք տարվա ընթացքում, գալիք տարիների ու տասնամյակների ընթացքում: Սկսեցինք կառուցել համակարգեր, որոնք երբե՛ք չեն եղել մեր քաղաքում կամ մնացել են մեր ու մեր ավագների հեռավոր հիշողությունների մեջ:
Իսկ այսօր, մենք մեր երեխաների հետ միասին հերթական անգամ շունչներս պահած սպասում ենք Ամանորի հրաշքին: Հեքիաթային մյուզիքլի ավարտից հետո ես կմոտենամ մեր այս գեղեցկուհուն ու կվառեմ երկրի գլխավոր տոնածառի լույսերը: Դրանով մենք կազդարարենք 2020-ի տոն օրերի մեկնարկը մեր քաղաքում: Ուզում եմ, որ հնարավորինս անհոգ անցկացնենք այս օրերը, միևնույն ժամանակ, քրիստոնեական մեր ավանդույթի համաձայն, տոների ընթացքում չմոռանանք նրանց, ովքեր մեր կարիքն ունեն՝ մեր մերձավորներին, մեր տարեց հարազատներին կամ հիվանդ հարևաններին, մեր փողոցի անօթևանին կամ դժվարին կացության մեջ հայտնված անծանոթին: Եվ, իհարկե, անդադա՛ր հիշենք նրանց, ովքեր ապահովում են մեր անդորրն ու խաղաղությունը՝ Հայոց բանակի զինվորներին:
Եվ այսպես, եկեք ուրախանանք գալիք մի քանի շաբաթների ընթացքում, որովհետև մենք վաստակե՛լ ենք այդ ուրախությունը: Եկեք բարձր տրամադրությամբ վայելենք տոնական հանգիստը, որովհետև գալիք 2020-ին մեզ տքնաջան աշխատանք ու մեծ գործեր են սպասում:
Երևանում տոն է, թող բոլորը գան, բոլորիդ կանչում եմ՝ եկե՜ք Երևան: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ»,- ելույթի իր խոսքում նշեց քաղաքապետը:
Տոնական երեկոն ուղեկցվեց օրվա համար հատուկ բեմադրված ինքնատիպ մյուզիքլով՝ հայ էստրադայի երգիչների մասնակցությամբ, որից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վառեց երկրի գլխավոր տոնածառի լույսերը:
Այնուհետև ՀՀ վարչապետն ու Երևանի քաղաքապետը շրջեցին Երևանի 2750-ամյակի այգում բացված սուրբծննդյան տոնավաճառում:

Նկարներ