21/08/2018

Պարգևատրվել են «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի հաղթող Երևանի թիմի ընտանիքներն ու մարզիչները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը պատվոգրեր և հուշանվերներ է հանձնել հուլիսի 23-28–ը Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում կայացած «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի հաղթող Երևանի թիմի մասնակից ընտանիքներին ու մարզիչներին:

Շնորհավորելով մարզական այս ստուգատեսի մասնակիցներին՝ Կամո Արեյանը շնորհակալություն է հայտնել երևանյան ընտանիքներին, մարզիչներին և քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի ներկայացուցիչներին՝ մայրաքաղաքի մարզական պատիվը հերթական անգամ բարձր պահելու համար, և մաղթել քաջառողջություն ու հետագա նվաճումներ: Ընդգծվել է նաև հաշմանդամ մարզիկների մասնակցության կարևորությունը՝ որպես մեր հասարակության լիարժեք անդամների: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել Գևորգյանների ընտանիքի ներկայացուցիչ փոքրիկ Աննան, ով մրցաշարի մեկնարկում ոտքի լուրջ վնասվածք էր ստացել, բայց դրսևորելով կամային հատկանիշներ՝ շարունակել է մասնակցել մրցաշարին՝ նպաստելով թիմային հաշվարկում Երևանի թիմի հաղթանակին: Մայրաքաղաքի թիմի ավագ Էրիկ Վարդանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի պատասխանատուներին՝ թիմի պատշաճ մասնակցությունն ապահովելու համար: Թիմի ավագը հաղթանակը նվիրել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին՝ գավաթը փոխանցելով Կամո Արեյանին, ով իր հերթին այն ի պահ է հանձնել Երևան քաղաքի պատմության թանգարանին:

Նկարներ