05/09/2016

Հանրային ռադիոն 90 տարեկան է

Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային ռադիոյի 90-ամյակի առթիվ այցելել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն:
 Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի և ՀՀ մշակույթի նախարարի հետ միասին նախ ծանոթացել է «Մասս Մեդիա» գիտակրթական կենտրոնի գործունեությանը, որի հիմնական նպատակը հեռուստատեսության և ռադիոյի համար բարձրորակ կադրերի պատրաստումն է: Այնուհետև Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Հասմիկ Պողոսյանը Հանրային ռադիոյի «Նվիրյալների արահետում» ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստներ Նարա Շլեպչյանի և Ռուբեն Մաթևոսյանի անվանական տախտակների, ինչպես նաև Հանրային ռադիոյի 90-ամյակին և հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:
 Նախագահը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և ռադիոընկերության ղեկավարության ուղեկցությամբ այցելել է նաև կենտրոնական եթերային սենյակ, որտեղ տրվել է Հանրային ռադիոյի թվային հեռարձակման մեկնարկը: Պատասխանատուների հավաստմամբ, թվային հեռարձակմամբ ցանկացած թվային ազդանշան ընդունող ժամանակակից հեռուստացույցով այսուհետ ՀՀ ամբողջ տարածքում հասանելի կլինի նաև Հանրային ռադիոն:
 Սերժ Սարգսյանը ծանոթացել է Հանրային ռադիոյի նոր եթերաշրջանի քաղաքականությանը՝ սեպտեմբերի 1-ին թողարկված եթերացանցին և վերանայված ծրագրացանկին, որը, ռադիոընկերության պատասխանատուների ներկայացմամբ, համալրվել է քաղաքական, սոցիալական, առողջապահական, տնտեսական և այլ ոլորտների շուրջ 20 նոր ծրագրերով՝ լսարանի հետ հետադարձ կապի, սոցիալական ծառայությունների մատուցման, հասարակական շահերի սպասարկման առաջնահերթ ուղղվածությամբ:
 Հանրապետության Նախագահին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն ամփոփ ներկայացրել է ռադիոյում կատարված աշխատանքները, գործունեության համար ստեղծված պայմանները, այդ թվում՝ ռադիոտան շենքում 2013թ.-ից մեկնարկած վերանորոգման և վերակառուցման, հարակից տարածքում կատարված բարեկարգման աշխատանքները:
 Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային ռադիոյի 90-ամյակի առթիվ Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցների մշակույթի, լրագրության բնագավառում ունեցած վաստակի, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհակալագրերով, շնորհել պատվավոր կոչումներ:

 

Նկարներ