25/07/2019

Հոկտեմբերին Թբիլիսիում կվերականգնվի թումանյանական մթնոլորտը. փոխքաղաքապետ Վիրաբյանի այցը Վրաստան

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունտսարիայի հետ: 

Հանդիպման ընթացքում Տիգրան Վիրաբյանը քաղաքապետ Հայկ Մարությանի անունից ողջույններ է հղել քաղաքապետ Կախա Կալաձեին՝ հրավիրելով նրան մասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք Էրեբունի-Երևան տոնակատարությանը: Իր հերթին փոխքաղաքապետ Խունտսարիան փոխանցել է Թբիլիսիի քաղաքապետ Կալաձեի ողջույնները՝ Հայկ Մարությանին հրավիրելով հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կայանալիք Թբիլիսիի օրվա տոնախմբությանը: 
Զրուցակիցները քննարկել են երկու մայրաքաղաքների մշակութային կապերին վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ 2020-ին փոխադարձաբար Երևանում՝ Թբիլիսիի և Թբիլիսիում՝ Երևանի մշակույթի օրերի կազմակերպմանն առնչվող: Այս երկու միջոցառումները նախապատրաստելու համար առաջիկայում աշխատանքային խմբեր կստեղծվեն: 
Հանդիպմանը առանձնապես կարևորվել է զբոսաշրջության ոլորտում Երևանի և Թբիլիսիի համագործակցությունը: Մասնավորապես նշվել է, որ պետք է այնպես անել, որ Վրաստան ժամանած զբոսաշրջիկներին տեղեկատվություն տրամադրվի նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների մասին և հակառակը՝ Հայաստան ժամանողները տեղեկացվեն Վրաստանի համապատասխան ուղղությունների մասին: Առաջարկվել է նաև ստեղծել միասնական հարթակ, որտեղ կներկայացվեն երկու մայրաքաղաքները՝ որպես զբոսաշրջային ամբողջական ուղղություն:

***

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և փոխքաղաքապետ Սոֆիո Խունտսարիան քննարկել են նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների ընթացքը: Տիգրան Վիրաբյանն իր գործընկերոջը փոխանցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի առաջարկն առ այն, որ Թբիլիսիի այն հասցեներում, որտեղ տարբեր տարիներին ապրել է բանաստեղծը, տեղադրվեն հուշատախտակներ՝ QR կոդերով, որոնք կներկայացնեն տեղեկատվություն Թումանյանի մասին:

***

Քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո Տիգրան Վիրաբյանը այցելել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն: Հայաստանից դուրս հայկական միակ պետական թատրոնի շենքը ներկայումս հիմնանորոգվում է, իսկ բացումը նախատեսվում է 2021 թվականին: Տիգրան Վիրաբյանը հանդիպել է գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի և թատրոնի ստեղծագործական անձնակազմի հետ, որոնց հետ քննարկվել է առաջիկայում հյուրախաղերով Հայաստանում հանդես գալու հեռանկարը: 
Այնուհետև տեղի է ունեցել այցելություն Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոն, որտեղ քննարկվել է Թբիլիսիում Վերնատունը «Մեկ օր՝ Թումանյանի վերնատանը» նախագիծը: Համաձայն առաջ քաշված գաղափարի՝ հոկտեմբերի երկրորդ կեսին Հայաստանում, Վրաստանում և հայկական սփյուռքում ապրող մտավորականների մի խումբ մեկ օրով կհավաքվի Թբիլիսիում՝ նշանավոր Վերնատանը: Այսպիսով, Հովհաննես Թումանյանի հոբելյանի առթիվ մեծ բանաստեղծն իր հյուրընկալ հարկի տակ կրկին կհավաքի հայ մտավորականության սերուցքը:

Նկարներ