04/12/2013

Մայրաքաղաքում բացվել է «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցը

Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում բացվել է համաշխարհային ճանաչում ունեցող «Հայաթ Փլեյս» հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցը:

Նորակառույց հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր: Հյուրանոցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, «Ինտեռարմ-Մ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանին և «Hyatt International Company» ընկերության փոխնախագահ Ֆրենկ Լևիին:

Հանրապետության նախագահը և Երևանի քաղաքապետը հյուրանոցի սեփականատիրոջ և հյուրանոցի կառավարումն իրականացնող «Հայաթ Հոթելզ Քորփորեյշն» ընկերության պատասխանատուի ուղեկցությամբ շրջել են միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեղեկացել ստեղծված աշխատատեղերի և առաջարկվող ծառայությունների որակի մասին:

Նշվել է, որ «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ., ավարտվել՝ ընթացիկ տարում, և որ մինչ այժմ ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար:

Ակնկալվում է, որ «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի մուտքը Հայաստանի շուկա կնպաստի ոլորտում մրցակցային միջավայրի բարելավմանը ինչպես ցանցային, բրենդային հյուրանոցների շրջանում, այնպես էլ ընդհանրապես հանրապետության հյուրանոցային արդյունաբերության մեջ:

Նկարներ