19/12/2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

Դեկտեմբերի 19-ի երեկոյան հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմամբ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: Գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության խորհրդանշական միացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների միջազգային և հանրապետական մրցույթներում բազմաթիվ գրան-պրիներ և մրցանակներ ստացած սաները, միջազգային տարբեր օլիմպիադաներում հաղթած աշակերտներն ու ամենատարբեր մրցումներում և առաջնություններում առաջին մրցանակային հորիզոնականը գրաված պատանի մարզիկները: 32մ բարձրությամբ և շուրջ 8000 լուսադիոդային լամպերով և 400 խաղալիքներով զարդարված տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև՝ շատրվանները: Տոնական լույսերի միացումն ուղեկցվել է պարային տարբեր խմբերի և երգչախմբերի մասնակցությամբ տոնական համերգով ու ավարտվել հրավառությամբ: 

Տոնական ծրագրի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս տարի ևս արվել է հնարավորը, որպեսզի Ամանորի և Սուրբ ծննդյան տոները մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար լինեն հետաքրքիր, տպավորիչ և հիշարժան: Նախատեսվել են շուրջ 30 ամենատարբեր միջոցառումներ, ընդ որում, ոչ միայն Հանրապետության հրապարակում, այլև բոլոր վարչական շրջաններում և մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 
«Հաշվի առնելով, որ վերջին տարիներին նկատվում է դեպի Երևան զբոսաշրջիկների թվի աճ, այս տարի նաև պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մայրաքաղաքում գործող սննդի և ժամանցի մի շարք ընկերությունների հետ, որ հունվարի 1-ից աշխատեն, որպեսզի տոն օրերին Երևանում գտնվող զբոսաշրջիկները հնարավորություն ունենան իրենց հանգիստն ավելի հետաքրքիր անցկացնեն: Ի դեպ, հունվարի 2-ից կաշխատեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները, որոնց հունվարի 3-ից կմիանան նաև մայրաքաղաքում գործող մյուս թանգարանները: Կարող եմ վստահեցնել, որ արվել է ամեն ինչ, որպեսզի թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ տոնական օրերին Երևանում գտնվող զբոսաշրջիկների համար մեր քաղաքը լինի հետաքրքիր», - նշել է քաղաքապետը:
Մայրաքաղաքի տոնական ձևավորման հարցում քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը՝ ընդգծելով, որ այն ևս դարձել է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկը: 
«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մասնավոր հատվածը տարեցտարի ավելի ու ավելի մեծ սիրով է ներգրավվում այս ամենին, ինչն, անշուշտ, նպաստում է մայրաքաղաքի տոնական մթնոլորտի ապահովմանը: Կարծում եմ, այս տարի նրանք կրկնակի եռանդով են միացել տոնական ձևավորման աշխատանքներին, քանի որ գալիք տարին հոբելյանական է մեր քաղաքի համար, և նրանցից յուրաքանչյուրն, անշուշտ, նաև մեծ պատասխանատվությամբ է մոտեցել այս հարցին՝ նպատակ ունենալով ավելի պատշաճ ու շքեղ ներկայացնել մեր 2800-ամյա սիրելի քաղաքը հատկապես մայրաքաղաքի հյուրերին և զբոսաշրջիկներին: Եվ համոզված եմ, որ այս օրերին թե՛ մեր բնակիչները և թե՛ մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան բարձր տրամադրությամբ, լիարժեք վայելելու Ամանորը: Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ բոլորիս գալիք տոների առթիվ և մաղթում, որ նոր տարին լինի խաղաղության, հաջողության և երջանկության տարի», - նշել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ Երևանի քաղաքապետը շրջել է նաև տոնական Երևանում: Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ: Պատասխանատուները Երևանի քաղաքապետին են ներկայացրել նաև Ազատության հրապարակում ձևավորված «Սառցե քաղաքը»:

Նկարներ