13/12/2014

«Մի կտոր ջերմություն». Երևանի քաղաքապետարանի աշխատակցուհիները նախաձեռնել են սոցիալական ակցիա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների աշխատակցուհիների նախաձեռնությամբ իրականացվել է «Մի կտոր ջերմություն» խորագրով սոցիալական նշանակության ակցիան, որի շրջանակում վերջինները դեկտեմբերի 12-ին այցելել են Երևանի թիվ 1 և Երևանի Նորքի տուն-ինտերնատներ, ինչպես նաև անօթևանների ժամանակավոր կացարան: Ակցիայի բուն նպատակը մարդկային ուշադրությունն է այդ հաստատություններում հանգրվանած քաղաքացիների նկատմամբ, որն այս անգամ արտահայտվում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակցուհիների ձեռքերով պատրաստած տարատեսակ թխվածքների հյուրասիրությամբ: 
«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ քաղաքապետարանի աշխատակցուհիներով ցանկացանք մի կտոր ջերմություն հաղորդել մարդկային ուշադրության կարիք ունեցող այն տատիկ-պապիկներին, ովքեր այս պահին գտնվում են տուն-ինտերնատներում, ինչպես նաև մեր այն համաքաղաքացիներին, ովքեր կյանքի բերումով հայտնվել են անօթևանների կացարանում։ Գաղափարը բոլորինս է, քանի որ Ամանորն այն ջերմ ընտանեկան տոնն է, որը պետք է համախամբի բոլորին, սերմանի բարություն և ջերմություն։ Կարող եմ հաստատապես ասել, որ բոլորս մեծ ոգևորությամբ ու սիրով ենք պատրաստվել այս օրվան», - նշել է նախաձեռնության մասնակից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն ու վստահեցրել, որ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական:

Նկարներ