27/12/2012

Ամանորյա նվերներ հատուկ դպրոցների սաներին

Ամանորյա նվերներ հատուկ դպրոցների սաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ամանորի առթիվ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և երեխաների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանն այցելել են քաղաքապետարանի ենթակայության Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N2 ու N6 հատուկ օժանդակ դպրոցներ և Խոսքի ծանր խանգարում ունեցող N8 հատուկ կրթահամալիր և քաղաքապետի անունից երեխաներին են հանձնել նվերներ, ինչպես նաև ամանորյա ներկայացման տոմսեր։ Սաները հյուրերին դիմավորել են տոնական ներկայացումներով ու համերգներով։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցները երեքն են, որտեղ կրթություն են ստանում հատուկ ուսուցման կարիք ունեցող 300 երեխա։ Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետի անունից նվերներ ու ներկայացման տոմսեր է հանձնել նաև <<Փրկություն>> հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոնի շահառուներին։ Ի դեպ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ և Երևանի ավագանու որոշմամբ <<Փրկություն>> ՀԿ-ի զբաղեցրած տարածքը սույն թվականի օգոստոսից 5 տարի ժամկետով անհատույց տրամադրվել է <<Փրկություն>> ուսումնական կենտրոնին։

 

Նկարներ