04/12/2012

Հատուկ կարիքներով մարդիկ` Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հաշմանդամների միջազգային օրվա առիթով, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է <<Արաբկիր>> բժշկական կենտրոնում գործող <<Լսողության խնդիրներ ունեցող  երեխաների ինտեգրացիոն կենտրոն>> և Հայաստանի խուլերի միավորում, ուր մասնակցել է  հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին և հանձնել քաղաքապետարանի նվերները՝  համակարգիչներ  և համապատասխան օժանդակ սարքավորումներ:Փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքը` Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ քաղաքապետարանը շարունակելու է ընդլայնել համագործակցությունը հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ, քաղաքային նշանակության ծրագրերով հնարավորին աջակցելու է առկա հիմնահարցերի լուծմանը: 2003 թվականից գործող <<Լսողության խնդիրներ ունեցող  երեխաների ինտեգրացիոն կենտրոնում>> լուծում է ստանում երեխաների լսողական ընկալման խնդիրը, իսկ  սուրդո մանկավարժների օգնությամբ հատուկ դասընթացների միջոցով իրականացվում է խոսքի զարգացման թերապիա, ինչի շնորհիվ երեխաները կարողանում են հաղորդակցվել:   Կենտրոնի համահիմնադիր  Սուսաննա Ժամակոչյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի նվիրաբերած համակարգչային տեխնիկան էապես կնպաստի հատուկ ծրագրերով մասնագիտական դասընթացների անցկացմանը: Հատուկ վերաբերմունքի համար Երևանի քաղաքապետարանին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին իր երախտիքի խոսքն է փոխանցել նաև Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանը: Ի դեպ, այս տարի կառույցը նշում է իր  ստեղծման 80-ամյակը: Իսկ Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ խուլ-համրերի մշակույթի պալատում կազմակերպության անդամների ջանքերով տեղի է ունեցել տոնական համերգ:

 

 

Նկարներ