30/01/2013

Ներկայացվել են մայրաքաղաքում տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրերը

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012 թվականի ընթացքում մայրաքաղաքում տուրիզմի ոլորտի զարգացմանն ուղղված և 2013թ. նախատեսված ծրագրերը: 

 

Նշվել է, որ, համաձայն վիճակագրական տվյալների, նախորդ տարվա ընթացքում Երևանն ավելի քան 600 հազար այցելու է ունեցել, նրանց զգալի մասը զբոսաշրջիկներ են եղել, ինչն էլ փաստում է, որ Երևանի՝ որպես զբոսաշրջային քաղաքի նկատմամբ հետաքրքրությունն աճում է: Զբոսաշրջիկների մեծ թիվ է գրանցվել հատկապես «Էրեբունի-Երևան» տոնակատարության և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տեղի ունեցած տոնական միջոցառումների օրերին: Մեկուկես տարվա կենսագրություն ունեցող բաժնի կողմից այսօր աշխատանք է տարվում Երևանը միջազգային հարթակներում նաև որպես զբոսաշրջային առումով հետաքրքիր քաղաք ներկայացնելու ուղղությամբ: Այդ նպատակով քույր և գործընկեր քաղաքների հետ ակտիվ համագործակցություն է ընթանում` ներգրավելով նաև զբոսաշրջային ընկերություններին: 

 

2012թ. Սանկտ Պետերբուրգում կայացած կլոր սեղանի արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ` զբոսաշրջության զարգացման և այդ ուղղությամբ փորձի փոխանակման հետ կապված: Մարիա Բարաղամյանը նշել է, որ մինչև մարտի 15-ը երկարեցվել է Iyerevan.am կայքում հայտարարված զբոսաշրջային տարբերանշանի մրցույթը, որտեղ յուրաքանչյուրը կարող է ներկայացնել իր առաջարկությունները: Քաղաքացիներին կողմից առավել շատ հավանության արժանացած առաջարկները կքննարկվեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, և կընտրվի զբոսաշրջային տարբերանշան։ 

 

Մշակութային ու ժամանցային իրադարձությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով նախորդ տարվա նոյեմբերից փորձնական տարբերակով մայրաքաղաքում տեղադրված է ինտերակտիվ տեղեկատվական նոր համակարգ, որի սարքավորումները հնարավորություն են ընձեռում առանց սարքին հպվելու, ձեռքի շարժումով ուղղորդելու համակարգն ու տեղեկանալու հետաքրքրող միջոցառումների անցկացման վայրերի և ժամերի մասին: Զբոսաշրջությունը մայրաքաղաքում առավել ակտիվ ու հետաքրքիր դարձնելու նպատակով «Սիթի տուր» զբոսաշրջային ծրագրի շրջանակում 2012-ի ամռանից հազարավոր զբոսաշրջիկներ հնարավորություն են ստացել երկհարկանի ավտոբուսներով շրջելու մայրաքաղաքի փողոցներում և 6 լեզուներով ծանոթանալու պատմամշակութային հուշարձաններին: Այս տարի նախատեսվում է ծրագրի ընդլայնում՝ նոր երթուղիների ներգրավմամբ և նյութերի նոր լեզուներով մատուցմամբ: Նշվել է նաև, որ քաղաքապետարանն այսօր հետաքրքրված է ինֆոտուրերի կազմակերպմամբ: 

 

Տուրիզմի բաժնի պետն ընդգծել է, որ քաղաքային բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորմանն ու հարմարավետության ապահովման, անմիջականորեն նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանը: «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմիցս է շեշտել, որ իրականացվող ծրագրերի շարքում կարևորագույն տեղ է զբաղեցնում Երևանը երևանցիների համար առավել հարմարավետ դարձնելու սկզբունքը, որի կյանքի կոչման նպատակով վարչական բոլոր շրջաններում տարաբնույթ ծրագրեր են իրականացվում: Մենք գտնում ենք, որ այդ հարմարավետությունն իր հերթին կարևոր է նաև քաղաքի հյուրերի ու, հետևաբար, զբոսաշրջիկների թվի ավելացման համար»,- նշել է Մարիա Բարաղամյանը: 

 

2012-ին լույս են տեսել նաև ուղեցույցներ, այդ թվում՝ մայրաքաղաքի հուշարձանները և պատմամշակութային վայրերը ներկայացնող «Պատուհան դեպի Երևան» եռաչափ լուսանկարների ալբոմը: Տպագրության են պատրաստվում քարտեզներ՝ Երևանում առավել ճիշտ և արագ կողմնորոշվելու համար: «2013 թվականի ծրագրերի շարքում ամենակարևոր ու ռազմավարական նախագիծը կլինի Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի ստեղծումը: Այդպես զբոսաշրջիկները կկարողանան իրենց հուզող ցանկացած հարցի դեպքում դիմել կենտրոն և ստանալ համապատասխան օգնություն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետը