28/10/2018

Մեկնարկել է «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը» նախաձեռնությամբ մեկնարկել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» հաքաթոնը:

Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող ծրագրի նպատակն է մշակել նորարար և հնարավորին ճիշտ լուծումներ՝ բարելավելու քաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը, որոնք վերջնարդյունքում կնպաստեն քաղաքի օդի մաքրությանը: 
Միջոցառման հանդիսավոր բացմանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, կարևորելով կլիմաթոնի անցկացումը, նշել է, որ Կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոնը միաժամանակ անցկացվում է աշխարհի 45 երկրի 104 քաղաքում: Յուրաքանչյուր քաղաք հաստատում է իր կլիմայական մարտահրավերը, այնուհետև 24 ժամվա ընթացքում մասնակիցները լուծումներ են մշակում այդ մարտահրավերի համար:

Հրավիրված փորձագետները հաքաթոնի ընթացքում ներկայացրել են քաղաքի էներգետիկ կառավարման, բնապահպանական և կլիմայական մարտահրավերներն ու դրանց լուծումների հիմնական ուղղությունները: 

Այնուհետև մասնակիցները բաժանվել են թիմերի և լուծումներ մշակել: «Կլիմաթոն Երևան»-ի արդյունքները կամփոփվեն 24 ժամ անց, որից հետո լավագույն գաղափարների հեղինակները հնարավորություն են ստանալու զարգացնել իրենց գաղափարներն ու դրանք կիրառել մայրաքաղաքում:

Նկարներ