27/11/2012

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզներն անցել են ձմեռային ռեժիմի

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքերում իրականացվում են ջրթափ խողովակների նորոգման, շքամուտքերի ապակիների տեղադրման, ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ: Զուգահեռաբար ընթացքի մեջ են նաև աղի և ավազի կուտակման աշխատանքները:
Հանրակրթության վարչության պետն էլ  զեկուցել է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում ամբողջությամբ իրականացվել են ջերմամեկուսացման անհրաժեշտ միջոցառումներն, ու կրթօջախներն արդեն անցել են ձմեռային ռեժիմի և ապահովված են ջեռուցմամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Հայրենական պատերազմի մասնակից վետերանների, Արցախյան ազատամարտի և Աֆղանական պատերազմի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների ու Արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին բնակարանների համար գույքահարկի արտոնություններ սահմանելու մասով որոշման նախագիծը Երևանի ավագանու հաստատմանը ներկայացնելուց առաջ ևս մեկ անգամ ճշգրտել առկա ցուցակները,  որպեսզի որևէ ընտանիք դուրս չմնա գույքահարկի արտոնություն ստանալու հնարավորությունից. <<Արցախյան ազատամարտից հետո էլ շատերը զոհվել են դիրքերում, ականների պայթյունից, և նրանց ընտանիքները նույնպես պետք է ընդգրկված լինեն արտոնությունների ցանկում: Եղեք ուշադիր, որպեսզի որևէ ընտանիք դուրս չմնա: Մենք բարոյական պարտք ունենք այդ մարդկանց և ընտանիքների առջև>>,- ընդգծել է քաղաքապետը:
Վերելակային տնտեսության ոլորտում 2012թ. կատարած աշխատանքները, ինչպես նաև վերելակների նորոգման ու սպասարկման համար հատկացվող գումարների նպատակային օգտագործումը ստուգելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է իրականացրել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում: Ըստ այդմ՝ զեկուցվել է, որ հայտնաբերված թերացումների մասով կապալառու կազմակերպություններին պարտադրվել է կարճ ժամկետում վերացնել թերացումները: Քաղաքապետը հանձնարարել է թերացումներ թույլ տված ընկերությունների նկատմամբ, որոնք տեխնիկական եզրակացություններ են տվել ըստ էության թերի գործող վերելակների մասով, նախաձեռնել գործընթաց տվյալ կազմակերպություններին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ընդգրկելու ուղղությամբ:Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ աշնանային ծառատունկին և չորացած ու վնասված ծառերի սանիտարական էտի ու ձևավորման աշխատանքներին զուգահեռ իրականցվում է նաև շուրջ 300 հազար գունավոր կակաչների սոխուկների ցանքսը:
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցը խախտելու և երեկոյան ժամերին շարժակազմերի սահմանված քանակ չապահովելու հիմքով նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան պատասխանատվության են ենթարկվել երթուղիները սպասարկող 4 ընկերություն, ևս 6 ընկերություններ էլ տուգանվել են շարժակազմերում առկա սանիտարական ոչ պատշաճ վիճակի  համար:  Անդրադառնալով թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական  շրջաններում և քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է շուրջ 200 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ:  Զեկուցվել է նաև, որ դրանց գերակշիռ մասը լուծում է ստացել:
Մայրաքաղաքում ամանորյա տոնական բարձր տրամադրություն ապահովելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համաքաղաքային միջոցառումներից բացի, վարչական շրջաններում ևս նախատեսել տոնական միջոցառումներ: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի տոնական տեսքի ձևավորման ուղղությամբ աշխատանքները: Առաջիկա օրերին Հանրապետության հրապարակում կմեկնարկեն նաև մայր եղևնու տեղադրման և ձևավորման աշխատանքները:

 

 

Նկարներ