03/12/2012

2013 թվականին կջեռուցվեն քաղաքապետարանի ենթակայության արվեստի ու երաժշտական դպրոցները, մշակույթի տները և գրադարանները

 

Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում առաջնահերթության կարգով վերանորոգումներ և անհրաժեշտ այլ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:


«2011 թվականին մենք կարողացանք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովել ջեռուցման համակարգերով: Այս տարի ջեռուցվեցին նաև դպրոցները: 2013 թվականին կփորձենք ավարտել նաև արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաև մշակույթի տների և գրադարանների ջեռուցման խնդիրը»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:Մատակարարվող սննդի պատշաճ որակի ապահովման ուղղությամբ պարբերական ստուգայցեր են իրականացվել մայրաքաղաքի 159 մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պատասխանատուի զեկուցմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում հետևողական աշխատանքի շնորհիվ  դրական տեղաշարժ է արձանագրվել հատկապես սննդի պիտանելիության ժամկետների և սանիտարական նորմերի պահպանման ուղղությամբ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ:


Անդրադառնալով մայրաքաղաքում ապօրինի առևտրի կանխարգելման միջոցառումներին` քաղաքապետը հանձնարարել է ամանորյա տոներին ընդառաջ կանոնակարգել և հսկողություն սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև առաջարկություն ներկայացնել Կենտրոն վարչական շրջանում գյուղմթերքի տոնավաճառի կազմակերպման վերաբերյալ: «Մինչև ամանոր մեր քաղաքացիներին պետք է հնարավորություն տանք շահավետ և մատչելի գնումներ կատարելու: Վարչական բոլոր շրջանների կողմից կարող են ներկայացվել առաջարկներ այլ վայրերում ևս գյուղմթերքի շուկաների կազմակերպման հետ կապված»,- նշել է Տարոն Մարգարյանը:


Շարունակվում է մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների և բակային տարածքների մաքրումը աշնանային տերևաթափից` այդ աշխատանքներում ներգրավելով նաև վարձակալներին: Հաշվի առնելով ավագանու տնտեսվարող սուբյեկտների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու մասին որոշումը` հանձնարարվել է հետևողական լինել և պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վերանայել վերջինների հետ կնքված պայմանագրերը:


Հասարակական տրանսպորտի  կանգառասրահների մուտքերի ու հարող հատվածների ասֆալտապատման և սալիկապատման աշխատանքների ընթացքի հետ կապված շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռաբար գույքագրվում են կանգառասրահներում և հարակից տարածքներում առկա թերությունները, միաժամանակ տարվում են վերանորոգման աշխատանքներ` ակտիվորեն ներգրավելով կանգառասրահները վարձակալական հիմունքներով շահագործող ընկերություններին:Վարչական շրջաններում վերելակային տնտեսության ոլորտում 2012թ. կատարած աշխատանքների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված թերությունների հետ կապված` կապալառուներին հանձնարարվել է սեղմ ժամկետում վերացնել դրանք:

Համապատասխան նեդրողների հետ վարչական շրջանների տարածքներում նոր վերգետնյա հետիոտնային անցումների կառուցման նախագծի վերաբերյալ Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում վերգետնյա անցումների բաշխումը կլինի ապակենտրոնացված և ցանկում կներառվեն նաև մյուս վարչական շրջանների համապատասխան տարածքները:
Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ավարտվել են մայրաքաղաքի 144 կամարանցումների գեղարվեստական ձևավորման և նկարազարդման աշխատանքները:

Վերահսկողության վարչության պետը ներկայացրել է վարչական շրջանների և քաղաքապետարանի թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքի ու  բնակչության կողմից ստացվող ահազանգերի արձագանքման ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրենը զեկուցել է, որ էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման նպատակով 2  ավտոբուսային և 1 տրոլեյբուսային երթուղիների  շարժակազմերը կահավորվել են GPS համակարգով: Ընթացքի մեջ են չվացուցակների տախտակների հենասյուների մոնտաժման աշխատանքները: Առաջիկա օրերին փորձնական տարբերակով կշահագործվի էլեկտրոնային չվացուցակների համակարգը:

Ավարտվել են ամանորյա տոնական ձևավորման և լուսավորության ապահովման նախապատրաստական աշխատանքները: Ընթացքի մեջ է նաև մայր տոնածառի և վարչական շրջանների կենտրոնական տոնածառերի տեղադրումը: Ամբողջացվել է տոնական մշակութային ծրագիրը: Միջոցառումներ կանցկացվեն ինչպես վարչական շրջանների հրապարակներում, այնպես էլ բակային տարածքներում:

 

 

Նկարներ