28/11/2012

Երևանի ավագանին հաստատել է 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը

Նոյեմբերի 28-ին գումարված հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ  անկախ  աուդիտ  անցկացնելու  նպատակով  աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին:Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել <<Մեդիքալ Ինվեստ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  կողմից  ներկայացված` <<Քանաքեռ-Զեյթուն>> բժշկական  կենտրոն>> փակ բաժնետիրական  ընկերության  բաժնետոմսերի հավատարմագրային  կառավարման  պայմանագիր  կնքելու  և  ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին:  <<Մեդիքալ Ինվեստ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավատարմագրային կառավարման գործարքի իրականացման դեպքում պարտավորվում  է  պայմանագրային  ամրագրմամբ՝  բժշկական  կենտրոնի  հիմնական վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման, այն ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցնելու և բուժանձնակազմի վերապատրաստման նպատակով՝ 10 տարվա ընթացքում կատարել շուրջ 2 400 000 000  (երկու միլիարդ չորս հարյուր միլիոն) դրամի ներդրումներ: Հաշվի  առնելով  Երևանի  վարչական շրջանների  ղեկավարների  կողմից  ներկայացված  առաջարկությունները,  ինչպես  նաև կիրառելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով արմագրված տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ սահմանել է Երևան քաղաքի վարչական տարածքի 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը:
Երևանի ավագանին հավանությունէ տվել նաև Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի, ինչպես նաև  Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի  հիշատակը  հավերժացնող  հուշատախտակներ  տեղադրելու մասին որոշման նախագծերին:

 

 

Նկարներ