27/02/2013

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևան քաղաքի և Չինաստանի քաղաքների, մասնավորապես, Ուռումչի քաղաքի միջև համագործակցության հեռանկարները։ Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետը նկատել է, որ վերջին շրջանում ակտիվացել են, մասնավորապես, երկկողմ տնտեսական շփումները։

 

«Հայաստանի և Չինաստանի մայրաքաղաքների միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։ Ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունն ինչպես Երևանի և Ուռումչիի, այնպես էլ Չինաստանի այլ քաղաքների հետ երկկողմ կապերի հաստատման հարցում։ Ուռումչին խոշոր արդյունաբերական քաղաք է և, կարծում եմ, կան ոլորտներ, որտեղ կարելի է փոխշահավետ համագործակցություն ծավալել»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

 

«Չինական կողմը հետաքրքրված է Երևան քաղաքի ներդրումային դաշտով և պատրաստ է մասնակցել նաև Երևանի քաղաքապետարանի հայտարարած միջազգային մրցույթներին՝ երկկողմ համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման համար։ Կարծում եմ, հաջողության դեպքում դա կլինի ևս մի կարևոր համագործակցություն մեր երկու երկրների միջև»,- ընդգծել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը։

 

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետը ներկայացրել է Երևան քաղաքի ներդրումային դաշտի հնարավորությունները և համագործակցության ոլորտները՝ մասնավորելով բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսությանի կառավարման, հանգստի գոտիների ստեղծման, հյուրանոցային համալիրների շինարարության/կառուցման և այլ բնագավառներ։

 

Երևանի քաղաքապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել՝ Չինաստանի կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրված 249 քաղաքային ավտոբուսների համար, որոնց հիմնական մասն արդեն համալրել է Երևանի հասարակական տրանսպորտի ցանցը։

 

Նկարներ