30/12/2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամանորյա ուղերձը

Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին ամենաընտանեկան տոնն է բոլորիս համար, նաև՝ ամենասպասվածն ու բարին: Եվ տա Աստված, որ իրականանան նոր տարվա հետ կապված ձեր բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Սրտանց ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքներում Ամանորը դիմավորեն ուրախ, բարձր տրամադրությամբ: Ցանկանում եմ նաև, որ Ամանորն իսկապես տոն լինի բոլորի համար և տոնի զգացումը ձեզ ուղեկցի թե՛ տանը, թե՛ դրսում: Անցնող տարին, վստահաբար, իր հետքը թողե՛ց Երևան քաղաքի պատմության մեջ: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրած հաջողություններին զուգահեռ, տարին հագեցած էր նաև ամենատարբեր միջոցառումներով, որոնցով Երևանը աշխարհին կրկին ներկայացավ ոչ միայն հազարամյա մշակութային ժառանգություն ունեցող, այլև որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, հյուրընկալ ու ջերմ մե՛ր սրտի մայրաքաղաք: Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում մենք կարողացանք դրական տեղաշարժեր ապահովել տարբեր ոլորտներում` շնորհիվ բոլորիս աշխատանքի, շնորհիվ ձեր վստահության ու նվիրումի: Համոզված եմ, որ այդ վստահությամբ ու նվիրումով աշխատելու ենք 2013-ին և եկող բոլոր տարիներին` նոր ձեռնարկումներ, նոր ծրագրեր կյանքի կոչելու, մեր բոլորի երազած ապահով, մաքուր ու հարմարավետ Երևանի համար: Երևանը մեր բոլորի տունն է, մեր մեծ ընտանիքը։ Եվ այս մեծ ընտանիքում ես սիրով կիսում եմ բոլորիդ ուրախությունն ու անկեղծորեն միանում միմյանց ասվող բոլոր բարեմաղթանքներին: Թող ետևում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը, թող Նոր տարին նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղություն ու բարօրություն բերի մեր երկրին ու բոլոր ընտանիքներին: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երևանցիներ, մայրաքաղաքի սիրելի հյուրեր, կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, անսահման սեր ու ընտանեկան երջանկություն:

Նկարներ