09/10/2018

Ազատության հրապարակում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն ավանի բացման պաշտոնական արարողությունը

Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում մայրաքաղաքի Ազատության հրապարակում բացվել է Ֆրանկոֆոն ավան, որտեղ ֆրանկոֆոն 38 երկրներ ներկայացել են իրենց տաղավարներով: Ավանը կրում է «Ապրել և ստեղծել միասին» խորագիրը:

Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանը, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի անդամներ, այլ հյուրեր:

Շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին՝ Կամո Արեյանն իր ելույթի խոսքում նշել է. «Ֆրանկոֆոն ավանը խաչմերուկ է և հանդիպման վայր մշակույթների և քաղաքակրթությունների համար: Սա կարծես մի յուրօրինակ նվեր լինի մեր 2800-ամյա մայրաքաղաքի, իր բնակիչների ու զբոսաշրջիկների համար, բացառիկ հնարավորություն՝ ողջ ֆրանկոֆոն աշխարհի գեղեցկությանն ու բազմազանությանը հանդիպելու մեկ վայրում: Հպարտությամբ պետք է նշեմ, որ Երևանը 1998 թվականից ի վեր Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի անդամ է»:

Նկարներ