06/02/2013

Հանրակրթության ոլորտում 2013թ. անելիքները

 

2013 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումանական հաստատություններում, առավելապես՝ ՆՈՒՀ-երում քաղաքապետարանի մեծ ծավալի ծրագրերը շենքային պայմանների բարելավմանը, հիմնանորոգմանն ու գույքի նորացմանն են ուղղված լինելու։ Ընթացիկ տարվա ծրագրերը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

 

Մանկապարտեզների հիմնանորոգմանն այս տարի հատկացվել է 550 մլն դրամ։ Շենքի նորոգման կարիք ունեցող մանկապարտեզներում մարտից մեկնարկելու են նախագծա-նախահաշվային աշխատանքները և տվյալների ամփոփումից հետո, ըստ առաջնահերթության, կազմվելու է այս տարի նորոգվող մանկապարտեզների ցանկը։ Անցյալ տարվանից սկսված գույքային ծրագիրը ևս շարունակվելու և համալրվելու է. կրկին ըստ առաջնահերթության: Հանրակրթության վարչության պետը նշել է, որ վարչական շրջաններից արդեն ստացել են գույքագրման ու, ըստ այդմ, անհրաժեշտ գույքի տվյալները։

 

Գայանե Սողոմոնյանը հատկանշել է նաև 2012 թվականին մանկապարտեզների սննդի վերահսկողության գրանցած դրական արդյունքները և ընդգծել, որ ՆՈՒՀ-երում սննդի վերահսկումը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության տակ է։

 

Նախադպրոցական կրթության որակը բարելավելու նպատակով այս տարի առաջին անգամ ՆՈՒՀ-երի դաստիարակներին տրամադրվել են ուսումնաօժանդակ ձեռնարկներ։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում 2013-ին նորագույն տեխնոլոգիաներով համալրելու ծրագիր է իրականացվելու UCOM ընկերության հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ։ Անցած տարի համար 156 դպրոցում իրականացված նախնական ծրագրի արդյունքը հաշվի առնելով, 2013 թվականին ևս 15 դպրոցներ կհամալրվեն նորագույն տեխնոլոգիաներով՝ համապատասխան տեխնիկայով և որակյալ հեռակապի հնարավորությամբ։

 

<>,- նշել է Գայանե Սողոմոնյանը։ Դպրոցներում ներդրված ինտերակտիվ այս համակարգը հնարավորություն է տալիս ծնողներին վերահսկել երեխայի առաջադիմությունը, ընդ որում՝ համակարգը նախարարությանն ու հանրակրթության վարչությանն առավել համալիր վերահսկողության հնարավորություն է ընձեռում նաև դպրոցների կառավարման հսկման գործում։

Այս տարի նույնպես որոշ դպրոցներ կկահավորվեն թեքահարթակներով: «Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ հիմնական դպրոցներում ընդլայնվում է ներառական կրթության ներդրման ծրագիրը։ Այսօր Երևանի հիմնական դպրոցներում սովորում է այս ծրագրի շահառու 1180 աշակերտ, ում սննդի և տրանսպորտի կազմակերպումը ֆինանսավորում է Երևանի քաղաքապետարանը»,- նշել է հանրակրթության վարչության պետը։

 

Հանրակրթության վարչության պետն անդրադարձել է նաև սիրիահայ երեխաների կրթության հարցին։ Սիրահայ 320 երեխաները, ովքեր ուսանում են համար 14 դպրոցում գործող «Կիլիկյան» վարժարանում, համարվում են համար 14 դպրոցի լիիրավ աշակերտներ, ուսուցիչները, ովքեր դասավանդում են նրանց, ևս համարվում են այդ դպրոցի աշխատակազմի անդամներ. հետևաբար, և՛ աշակերտները և՛ ուսուցիչները ֆինանսավորվում են Երևանի քաղաքապետարանի կողմից»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։

 

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ քաղաքացիների հետ հետադարձ կապ ապահովելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ առավել ակտիվացվել են քաղաքապետարանում գործող թեժ գծերը, որոնց միջոցով քաղաքացիները կարող են նաև Երևանի հանրակրթության ոլորտին առնչվող բոլոր խնդիրների մասին իրազեկել և յուրաքանչյուր շաբաթվա սահմանված օրն անձամբ հանդիպել վարչության պետերի հետ։

 

 

Նկարներ