26/12/2012

Մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները երևանցիները դրական են գնահատում

Մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները երևանցիները դրական են գնահատում «Երևանցիները Երևանի մասին»հետազոտությունների արդյունքներն են հրապարակել Մարքեթինգի հայկական ասոցիացիան և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը։ Հարցման արդյունքներին ծանոթանալու և դրանք մեկնաբանելու համար հետազոտության շնորհանդեսին հրավիրված էր Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։ Վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 78%-ը գնահատել է դրական, ընդ որում՝ 24%-ը լիովին դրական։ Փոփոխությունները «ավելի շուտ բացասական» են գնահատել հարցվածների 6%-ը, 4%-ը՝ ընդհանրապես բացասական։ «Ընտրված է բավականին հետաքրքիր հարցաշար։ Հարցերի համալիրը բնութագրում է գրեթե ամբողջ տարեկան համայնքային ծրագրերը և քաղաքում տիրող վիճակը։ Ակնհայտ են դրական ցուցանիշները, իսկ այնտեղ, որտեղ հարցման արդյունքները մտահոգիչ են, դրանք իսկապես մեզ ուղղված լուրջ հարցադրումներ են։ Ուշագրավ է 78% դրական ցուցանիշը, ինչը նշանակում է, որ մենք առավել պարտավորված ենք անել ավելին՝ մեր քաղաքի և մեր բնակիչների համար», - հարցման արդյունքներին ծանոթանալով` նշել է Կամո Արեյանը։ Երևանցիների նշած շատ խնդիրների լուծումներ Երևանի քաղաքապետի տեղակալը մատնանշել է հաջորդ տարեկան ծրագրում, ինչպես, օրինակ, աղբահանության և Երևանի սանիտարական մաքրման հետ կապված խնդիրը, որը լուծվում է. միջազգային մրցույթով. սպասարկող ընկերությունը հայտնի կլինի մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումից հետո և մինչ հաջորդ տարեվերջ կստանձնի պայմանագրային պարտավորությունը ։ Որպես Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիր՝ հարցման մասնակից երևանցիները թվարկել են առավելապես սոցիալական խնդիրներ, որոնք նույնական են հանրապետության սոցիալական ոլորտում առկա խնդիրներին՝ գործազրկություն, գնաճ և այլն, իսկ մասնավորապես Երևան համայնքին առնչվող հիմնախնդիրներ են մատնանշել աղբահանությունը՝ 22%, հասարակական տրանսպորտի խնդիրները՝ 21%, բնապահպանական խնդիրները՝ 14% և այլն։ Կոմունալ վարձերը խնդիր են հարցնածների 8%-ի կարծիքով, մաքրության պակասը՝ 4%-ի։ Հարցվածների 1%-ին խանգարում է շինարարությունը, նույնքանն էլ դժգոհ են ջրամատակարարումից։ Երևանի քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխությունների առաջին տեղում կանաչապատ տարածքների ավելացումն է, կարծում են հարցված երևանցիների 18%-ը, 17%-ը համարում է բարեկարգ բակերի կառուցումը։ 13%-ը նկատել են նոր նստարանները, 7%-ը՝ նոր խաղահրապարակները, ևս 2 տասնյակ դրական փոփոխություններ գնահատվել են սակավ տոկոսներով։ Թեև կանաչապատումը դրական փոփոխություններում առաջատար դիրքում է, այդուհանդերձ հարցվածների 41%-ը այս ոլորտում ակնկալում է առավել ակտիվ ծրագրեր։ Հարցված երևանցիների 29%-ը ցանկալի միջոցառումների ցանկում երկրորդ տեղում է դասակարգել խաղահրապարակների կառուցումը, երրորդ տեղը 28-ական %-ով կիսում են մշակութային միջոցառումներն ու շաբաթօրյակները։ Մարզական միջոցառումներն առավել պարբերական է ցանկանում տեսնել հարցվածների 17%-ը։ Հետազոտողների՝ որպես Երևանի բնութագրիչներ առաջարկած կատեգորիաներում գերակշռում են գնահատականների դրական տոկոսները։ Երևանի մշակութային կյանքից գոհ է երևանցիների 32%-ը, լիովին բավարարված է 22%-ը։ Մշակութային կյանքը սակավ է բավարարում 9%-ին, ընդհանրապես չի բավարարում 7%-ին։ Քաղաքային տրանսպորտը բավարար է 25%-ի համար, լիովին բավարարում է 13%-ին, ընդհանրապես չի բավարարում հարցվածների 21%-ին։ Կանաչապատ տարածքներն այստեղ էլ ամենաբարձր ցուցանիշն են արձանագրել՝ 40%-ը բավարարված է, ևս 26%-ը լիովին բավարարված է, դժգոհ է 4%-ը, սակավ դժգոհ է 7%-ը։ Երևանում վերջին մեկ տարում կատարված գիշերային լուսավորությունից դժգոհ է հարցվածների 1%-ը, բավարարված է երևանցիների 37%-ը և լիովին բավարարված է ևս 39%-ը։ Մնացյալը դժվարացել են պատասխանել կամ սակավ դժգոհ են։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը կողմ է, որ հասարակական վայրերում և հատկապես ուսումնական հաստատություններում ծխելն արգելվի։ Հարցվածները գնահատել են նաև Երևանի վարչական շրջանների աշխատանքները առանձին՝ ըստ կանաչապատման, լուսավորության, անվտանգության, մաքրության ցուցանիշների։ Առաջատար եռյակում են Կենտրոն, Ավան և Դավթաշեն վարչական շրջանները. մյուսները զիջում են միավորների սակավ տարբերությամբ։

 

 

Նկարներ