05/02/2013

Ամփոփվել են համադպրոցական միջոցառումների արդյունքները

 

Երևան քաղաքի պատմության թանգարանում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակին նվիրված «Նամակ հայոց բանակի զինվորին» շարադրության համաքաղաքային մրցույթի արդյունքները։ Ներկայացված 115 աշխատանքներից 6 լավագույնների հեղինակներին Երևանի քաղաքապետի անունից դիպլոմներ և պարգևներ է հանձնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը։ Առաջին կարգի դիպլոմի է արժանացել Երևանի համար 181 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Դավիթ Կիրակոսյանի աշխատանքը։ Եվս 6 աշակերտ արժանացել է խրախուսանքի։ Ամփոփվել են նաև Հայ գրատպության 500-ամյակին նվիրված՝ Մայր Աթոռի հայտարարած «Գրից մինչև գրատպություն» համապետական միջոցառման արդյունքները, որին ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած Երևանի համար 166 հիմնական դպրոցը։

Պարգևատրման արարողության ավարտին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը թանգարանին է հանձնել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարվան նվիրված դպրոցականների լուսանկարներով կազմված հուշագիրքը՝ որպես Երևանի համար կարևոր իրադարձության պատմական մի մասնիկ։

 

 

Նկարներ