27/12/2012

Պարգևատրվել են «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթի հաղթողները

Ամանորյա տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-20-ը հայտարարել էր «Ամանորյա լավագույն ձևավորում» անվանակարգով մրցույթ:

 

Մայրաքաղաքի տոնական ձևավորմանը մասնակցած և մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած Երևանի վարչական շրջանների առևտրային կազմակերպություններից, ձեռնարկություններից, հասարակական կազմակերպություններից ու անհատ քաղաքացիներից ընտրվել են լավագույնները:

 

Լավագույն տոնական ձևավորված բանկ, կազմակերպություն, պատշգամբ, բակային տարածք, առևտրի օբյեկտ անվանակարգերում համապատասխանաբար հաղթող են ճանաչվել «Հայբիզնեսբանկ»-ը, «Մամա Միա Գրուպ» ընկերությունը, Արևիկ Ուդումյանի բնակարանի պատշգամբը, Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 36գ հասցեի բակային տարածքը, «Մոսկվիչկա» ուպերմարկետների ցանցը: Ժյուրիի կողմից հատուկ մրցանակի են արժանացել նաև «Պասկալ և Դիոդատո» ընկերությունը՝ Հյուսիսային պողոտայում կազմակերպած ամանորյա տոնավաճառի և Ավան վարչական շրջանի թիվ 55 մանկապարտեզը՝ ամանորյա խորհրդանիշի լավագույն բեմականացման համար:

 

Բոլոր հաղթողներին պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի ձևավորման գործում ակտիվ մասնակցության համար և վստահեցրել է, որ քաղաքապետարան-բնակիչ-մասնավոր հատված համագործակցությունը լինելու է շարունակական: «Մայրաքաղաքի հանդեպ դրսևորած ձեր սրտացավ վերաբերմունքը չէր կարող չգնահատվել, ու, վստահ եմ, որ այս օրինակը կդառնա վարակիչ բոլորի համար: Ձեր վերաբերմունքով դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ Երևանը բոլորիս տունն է ու բոլորս ենք պարտավոր մեր նպաստը բերել մայրաքաղաքի զարգացման գործում: Համոզված եմ, որ հաջորդ տարի ավելի շատ կլինեն մրցույթի մասնակիցներն ու հաղթողները, ինչը կլինի մեր բոլորի հաղթանակը»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի և ջերմ խոսքերի համար՝ մրցույթի հաղթողներն իրենց հերթին վստահեցրել են, որ հաճույքով են մասնակցել մայրաքաղաքի տոնական ձևավորմանն ու իսկապես զգացված են, որ քաղաքապետարանը գնահատել է սիրելի քաղաքի նկատմամբ դրսևորած իրենց անշահախնդիր վերաբերմունքը:

 

 

Նկարներ