08/02/2013

Մայրաքաղաքի 2013 թ. Զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքներ

 

Մայրաքաղաքում շինբարեկարգման ոլորտի առանցքային բաղադրիչը ճանապարհների և տրանսպորտային հանգույցների նորոգմանն ու կառուցմանն է ուղղված լինելու, ինչպես նաև փողոցների նորոգմանն ու հիմնանորոգմանը։ Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի Զարգացման ծրագրում ընդգրկված շինբարեկարգման ոլորտի աշխատանքներն է ներկայացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։ «Ասֆալտապատման ծրագիրը, մասնավորապես, կազմում է ծուրջ 2.5 մլն կմ ծավալ, ինչն իսկապես գերազանցում է նախորդ բոլոր տարեկան ծրագրերը։ Ընդգրկված են բոլոր վարչական շրջանները։ Ծրագիրը միտված է այն սկզբունքին, ինչը բազմիցս հայտարարել է Երևանի քաղաքապետը. այն է՝ ապահովել Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը՝ ընդգրկելով բոլոր ենթակառուցվածքներն ու բաղադրիչները՝ շինարարություն, բարեկարգում, կառուցապատում և այլն»,- ընդգծել է Կամո Արեյանը։ Տարեկան ծրագրով հիմնանորոգվելու են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների առանցքային դեր կատարող խոշոր փողոցները, այդ թվում` վարչական շրջանները միմյանց կապող և դեպի մարզեր տանող փողոցները։ Ծրագրում ներառված 30 խոշոր փողոցներում նորոգման աշխատանքները կմեկնարկեն գարնանից։

 

 

Այս տարի կառուցվելու և շահագործման է հանձնվելու ևս 8 վերգետնյա անցում, որոնք, ըստ քաղաքապետի տեղակալի, բնակիչների կողմից պահանջարկված են։ Կամո Արեյանը մանրամասնել է, որ վերգետնյաների կառուցման համար ընտրվում են ուսումնական ու առևտրային հոսքերին մոտ հատվածները։ Այս տարի շահագործման է հանձնվելու Երևանի երթևեկության բեռնաթափման համար կարևոր երկու խոշոր տրանսպորտային հանգույց՝ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող արագընթաց մայրուղին և Ուլնեցի-Ռուբինյանց հանգույցը։վ Գարնանից Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է լինելու նաև բակային տարածքների նորոգման ու կառուցման աշխատանքներին։ Այս տարի էլ, ինչպես 2012 թվականին, 400 բակ է շահագործման հանձնվելու։

 

 

«Կրկին նույն սկզբունքն է կիրառվում. ծրագրում ներառված են բոլոր վարչական շրջանները։ Նաև նույն տեխնոլոգիան պետք է իրականացվի, ինչ անցյալ տարի. բակերում կառուցվելու է այն ամենը, ինչ անհրաժեշտ է բակային տարածքին՝ մանկական, սպորտային խաղեր, նստարաններ, կանաչ գոտի, լուսավորություն, ցայտաղբյուրներ», - ընդգծել է Կամո Արեյանը և հավելել, որ բակերում ապօրին զբաղեցրած հողատարածքները բնակիչներն արդեն կամովին են ազատում ապօրինի կցակառույցներից՝ բակային տարածքներն ընդլայնելու աշխատանքներին անգամ կարճատև խոչընդոտ չստեղծելով։

 

 

«Փյունիկ» բարեգործական ընկերությունը արդեն տրամադրել է 830 միավոր սպորտային և 40 միավոր մանկական խաղ, որոնք բաշխված են վարչական շրջաններին և բակերի բարեկարգումից հետո տեղադրվելու են նախատեսված վայրերում։

 

Կանաչապատման տարեցտարի ավելացող ծավալները պահպանելու և այս տարի էլ ընդլայնելու նպատակով, 2013-ին Երևանում ևս 20 կմ ոռոգման նոր ցանց է կառուցվելու (2012-ին Երևանի ոռոգման ցանցը համալրվել էր 14 կմ-ով)։

 

 

«Երևանում դեռ ունենք չմշակված գազոնային տարածքներ, որոնք լայն ծավալով ներգրավելու ենք նոր սիզամարգեր և ծաղկապատ տարածքներ ստեղծելու համար։ Քաղաքապետին կից բնապահպանական խորհուրդն արդեն ներկայացրել է այն ծառատեսակների ցանկը, որոնք նպաստավոր են Երևանի համար։ Դա հիմնավոր մասնագիտական կարծիք է մեզ համար»,- ասել է քաղաքապետի տեղակալը։

 

 

Կամո Արեյանը 2013-ի տարեկան ծրագրում հատկանշել է նաև վարչական շրջաններում մեծ հանգստի գոտի կառուցելու հանձնարարությունը և նշել Էրեբունի, Աջափնյակ, Շենգավիթ և Նորք-Մարաշ վարչական շրջաններում անցյալ տարի կառուցվածների օրինակները։

 

 

,Կանաչապատման, բարեկարգման, սանմաքրման ոլորտի այս տարվա ծրագրերի մեծ ծավալները հաշվի առնելով` նկատեցինք անգամ, որ մեր աշխատուժը չի բավարարում այս ծավալներն իրականացնելու համար։ Արդեն հայտարարել ենք, որ մեզ անհրաժեշտ է լրացուցիչ 200 բանվորական աշխատուժ», - նշել է Կամո Արեյանը։

 

 

Թափուր աշխատատեղեր կան նաև տրանսպորտի ոլորտում։ Արդեն ներկրված նոր ավտոբուսները վարելու համար D կարգի որակավորմամբ 150 վարորդ է անհրաժեշտ։ Կամո Արեյանը նշել է նաև, որ այս ամիս մասնավոր ընկերությունների կողմից Երևան է ներկրվելու 80 ավտոբուս, իսկ ևս 48-ն էլ կներկրվի մարտին։ «Խնդիր ենք դրել աստիճանաբար կրճատել միկրոավտոբուսները, մայրաքաղաքը հագեցնել միջին և մեծ տեղատարողության ավտոբուսներով, որը հրամայական պահանջ է քաղաքային հասարակական տրնասպորտի որակյալ ծառայություն մատուցելու համար», - եզրափակել է Կամո Արեյանը։

 

 

Նկարներ