06/12/2013

Երևանը պատրաստվում է Ամանորին

2014 թվականի ամանորյա տոնակատարություններին ընդառաջ` բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքը տոնականորեն զարդարելու աշխատանքները։ Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում տեղադրվում են Ամանորի խորհրդանիշ տոնածառները, որոնք, ինչպես հանրապետության գլխավոր տոնածառը, զարդարվում են խաղալիքներով ու դիոդային լույսերով։

«Հանրապետության հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառը բարձրությամբ ու գեղեցկությամբ չի զիջի նախորդ տարվա մայր տոնածառին։ Մայր տոնածառը, ինչպես նաև բոլոր այն տոնածառները, որոնք բնական ծառեր են, բաղկացած է բացառապես սանիտարական էտմամբ հատված սոճու ճյուղերից, որոնք Երևան են տեղափոխվել տարբեր մարզերից»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։ Երևանի բոլոր վարչական շրջանների կենտրոնական ավելի քան 50 փողոցներում և մայրուղիներում այս օրերին տեղադրվում են ամանորյա՝ մայրաքաղաքի արտաքին գեղարվեստական լուսավորության զարդերը։

Այս տարի լուսադիոդային դեկորատիվ ձևավորման գեղարվեստական տարրերով է զարդարվում նաև շուրջ 300 ծառ։ Ամանորյա տոնական տեսք կստանան որոշ կենտրոնական շենքեր, քաղաքային կահավորանքը և տրանսպորտային միջոցները։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի խոսքով՝ Երևանի փողոցներում լինելու են նաև տոնական անակնկալներ, որոնք կզարմացնեն, կուրախացնեն, տոնական տրամադրություն կհաղորդեն թե՛ երևանցիներին, թե՛ մայրաքաղաքի հյուրերին։

Նկարներ