10/11/2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ

Սիրելի՛ երիտասարդներ 

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: 
Իսկապես դժվար է թերագնահատել այն մեծ դերն ու նշանակությունը, որ դուք ունեք մեր երկրի զարգացման գործում: Ըստ էության հենց խելացի, առաջադեմ հայացքների տեր, իրենց գործի նվիրյալ երիտասարդներն են մեր հայրենիքի առաջընթացի շարժիչ ուժն ու երաշխավորը: 
Տնտեսության, գիտության և կրթության, առողջապահության, արվեստի, մշակույթի և մնացած բոլոր ոլորտներում, նաև պետական ու տեղական ինքնակառավարման համակարգում այսօր ունենք բազմաթիվ երիտասարդներ, ովքեր իրենց տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ ոչ միայն մեր հպարտությունն են, այլև առաջարկելով և կյանքի կոչելով բազում համարձակ ծրագրեր՝ իրենց եռանդով ու լավատեսությամբ ապահովում են ապագայի նկատմամբ մեր վստահությունը: 
Կարևորելով մայրաքաղաքի կառավարման գործում երիտասարդների մասնակցությունը՝ Երևանի քաղաքապետարանն էլ անում է հնարավորը երիտասարդության ներուժն առավելագույն բացահայտելու և նրանց համարձակ գաղափարները կյանքի կոչելու ուղղությամբ: 
Կրկին շնորհավորելով՝ քաջառողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ. թող ձեր եռանդը, հայրենիքի նկատմամբ սերը լինի անսպառ ու էլ ավելի ջերմացնի մեր բարի մայրաքաղաքը:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ