07/11/2018

Քաղաքապետարանը ձգտելու է այգիները հագեցնել նոր տեխնոլոգիաներով. Հայկ Մարությանը մասնակցել է հանգստի նոր գոտիների բացմանը

Մայրաքաղաքում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետը: 

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով բարեկարգված Կոմիտասի անվան զբոսայգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: 1,8 հա տարածք զբաղեցնող զբոսայգում իրականացվել են Արշակունյաց պողոտայի կողմից մուտքի հատվածի շինության թարմացման, նոր ճեմուղիների կառուցման, ոռոգման նոր ցանցի անցկացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակում այգում տեղադրվել են զրուցատաղավարներ, նստարաններ, մանկական խաղեր, կառուցվել է ջրավազան, հասարակական զուգարան: Հանգստի գոտին լուսավորվում է ժամանակակից էներգախնայող լուսատուներով: Զբոսայգին հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, տարբեր հատվածներում կառուցվել են թեքահարթակներ:

Առաջին «խելացի» այգին՝ Երևանում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կառուցված այգին Բադալյան ընտանիքի նվերն է Երևանի ծննդյան 2800-ամյակի առթիվ: Հիմնովին վերափոխված շուրջ 1 հա տարածք ունեցող հանգստի գոտին իր տեսակով առաջինն է Երևանում: Ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, այգին ունի արևային էներգիայով սնուցվող համակարգեր, որոնք կապահովեն գիշերային լուսավորությունը և, ընդհանրապես, այգու էներգամատակարարումը: Բացի այդ, հանգստի գոտին նաև երևանյան առաջին այգին է, որտեղ կիրառվել են տեխնոլոգիական նոր մոտեցումներ ու խելացի լուծումներ: Մասնավորապես՝ այգու արտաքին լուսավորությունն ապահովող լամպերն ինքնակառավարավող են և ուժեղ են լուսարձակում բացառապես այն դեպքում, երբ տարածքում այցելուներ կան: 

Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ Վահե Բադալյանը նշել է, որ այգում կառուցվել են արհեստական ջրավազաններ, հասարակական զուգարան, տեղադրվել են նստարաններ, մանկական խաղահրապարակներ և հուշարձաններ: Իրականացված ծրագրի շրջանակում այգին ապահովվել է նաև անվճար WI-FI կապով: Ի դեպ, հանգստի գոտում առևտրային որևէ գործունեություն չի ծավալվելու: 

Նկարներ