07/10/2016

Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է «Անկախություն» խորագրով ցուցահանդես

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Անկախություն» խորագրով ցուցահանդեսի բացմանը`  Երևանի քաղաքապետարանի Ժամանակակից արվեստի թանգարանում: Ցուցահանդեսը  ներառում է  19-21-րդ դդ. ստեղծագործած հայ նշանավոր արվեստագետների և մերօրյա ստեղծագործողների բազմաշերտ մշակութային արժեքները: 
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ մասնավոր հավաքածուներից բերված ու մեկտեղված այս ցուցադրությունը բարձր արվեստին մեկ վայրում հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն է:

«Հայ արվեստի խոշորագույն գործիչների նմանօրինակ ցուցադրությունները պատիվ կբերեին ցանկացած երկրի ու քաղաքի: Կրկնակի ուրախալի է, երբ ցուցահանդեսը բացվում է մշակութային ավանդույթներով հարուստ մեր մայրաքաղաքի ծննդյան տոնին ընդառաջ: Գոհունակությունս եմ ուզում հայտնել կազմակերպիչներին ու հատկանշել, որ  այս օրերին բացված բազմաթիվ ցուցահանդեսների թվում այս մեկն առանձնահատուկ է, քանի որ դասական հեղինակների կողքին ներկայացված են նաև ժամանակակից արվեստագետների գործեր, և այցելուների համար սա նաև արդեն արժևորվածի կողքին նոր արժեքավոր գործեր տեսնելու, զուգահեռներ անցկացնելու լավ հնարավորություն  է»,- նշել է Արամ Սուքիասյանը:  

Այնուհետ Երևանի քաղաքապետի տեղակալը թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի հետ շրջել է թանգարանի ցուցասրահներում և ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսը նախաձեռնել է «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը:  Կենտրոնի բոլոր ցուցահանդեսներին շեշտադրված է արվեստի միահյուսվածության և շարունակականության գաղափարը: Ցուցահանդեսին ներկայացվել են Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկու, Լևոն Թութունջյանի, Մինաս Ավետիսյանի և այլոց աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 31–ը: 

Նկարներ