Քաղաք Երևան

Երևանն արդեն 2800 տարեկան է:

Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն:

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

Երևանը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ: Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:

 

 

Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների վրա` ապահովելով Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը:

Երևանի վարչական սահմանները սահմանված են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով:

Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են Երևանի ավագանին, Երևանի քաղաքապետը: Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում: Ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը (ներառյալ` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել այլ վայրում:

 

 

Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։ Երևանը գտնվում է Արարատյան դաշտի եզրին, Հրազդան գետի երկու ափերին` ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա: Քաղաքի կլիման խիստ ցամաքային է` շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ: Քաղաքը վարչական սահմանով հարում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերին:

 

 

* * *

 

«Երևան քաղաքը» բաժնում տեղադրված նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված նյութերի վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումն առանց կայքի խմբագրության համաձայնության: