Էրեբունի-Երևան

«Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անցկացվել է 1968թ. հոկտեմբերին. նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Տոնին ընդառաջ` 1968թ. հունիսին թողարկվեցին «Էրեբունի”, «Սասունցի Դավիթ» նամականիշները, գունազարդ հուշանվերներ, բացիկներ «Երևանը 2750 տարեկան է»՝ 850 000 տպաքանակով: Հուլիսին «Հայաստան» հրատարակչությունը լույս ընծայեց Երևանի 2750-ամյակին նվիրված գեղարվեստական պաստառներ: Սեպտեմբերին Ս. Շահումյանի անվան հաշվիչ արտադրական միավորման գալանտերեայի ֆաբրիկայում արտադրվեցին «Երևան-Էրեբունի-2750» թղթապանակներ և դրամապանակներ: Գեղարվեստական ֆոնդի կերպարվեստի կոմբինատը Երևանի 2750-ամյակի կապակցությամբ սկսեց թողարկել զանազան հուշանվերներ՝ կրծքանշաններ, մանյակ՝ Տիգրան Մեծի դիմանկարով, և Մատենադարանին նվիրված հուշամեդալներ: Երևանի հոբելյանի առիթով Հայաստանի երգչախմբային ընկերության արդյունաբերական կոմբինատը պատրաստեց «Սասունցի Դավիթ», «Արգիշտի-1», «Կոմիտաս», «Գեղարդ» հուշամեդալներ, կրծքանշաններ:

Երևանի 2750-ամյակի առիթով Հայֆիլհարմոնիայի շենքի պատին հավերժացավ Խ. Աբովյանի պղնձաձույլ հարթաքանդակը: Մատենադարանում կազմակերպվեց գիտական նստաշրջան, Նալբանդյան և Մելիք-Ադամյան փողոցների անկյունում տեղադրվեց Էրեբունու հիմնադրման սեպագիր արձանագրությունը: Թողարկվեցին երկու նոր ծրարներ՝ Արին-Բերդում գտնված զինվորի արձանիկի և կառավարական շենքի պատկերներով: Հրուշակեղենի և մակարոնի կոմբինատում արտադրվեցին «Երևան», «Սասունցի Դավիթ», «Հոբելյանական» և «Ասորտի» հավաքածուները:

Հոկտեմբերի 17-ին Էրեբունի բլրի մոտ սկսվեց Երևանի 2750-ամյակին նվիրված կանոնակարգային առաջին մեծ միջոցառումներից մեկը՝ Ծաղկի տոնը. տնկվեց 2750 ծառ: Բացվեց Էրեբունու փողոցը:

Հոկտեմբերի 18-ին Լենինի անվան հրապարակում առաջին անգամ բարձրացավ Երևանի զինանշանը, բացվեց «Յոթ ցայտաղբյուրներ» հուշարձանը, կազմակերպվեց տոնահանդես «Նաիրի» մարզադաշտում:

«Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցավ համաքաղաքային երգի տոն, 2750 հոգանոց երգչախումբն առաջին անգամ հնչեցրեց Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգը: Այդ օրը 2750 ծաղիկներ զարդարեցին «Հաղթանակ» զբոսայգու շքամուտքը, իսկ Լենինի արձանին հարող պուրակում սկսեցին ցայտել 2750 շատրվաններ:

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ շքեղ միտինգ-տոնահանդես Հանրապետական մարզադաշտում: Հոկտեմբերի 22-ին բացվեց Էրեբունի թանգարանը:

Հոկտեմբերին էկրան բարձրացան «Երևանյան էտյուդներ», «Երևանը 2750 տարեկան է» նոր ֆիլմերը: Հրատարակվեցին Հ. Խաչատրյանի «Էրեբունի» պատմավեպը, Մ. Հակոբյանի և Ա. Սիմոնյանի «Երևան-2750», Ա. Սիմոնյանի «Երևան», Ն. Հարությունյանի «Երևան» գրքերը, «Երևան» ուղեցույցը, «Երևանյան քնար» հատընտիրը, հոբելյանական օրացույցը, Մոսկվայում լույս տեսավ ռուսալեզու «Երևան» գիրքը:

1986թ. սեպտեմբերի 27-ին մայրաքաղաքի փողոցներում սկսեց երթևեկել «Էրեբունի-Երևան» կողչվող եզակի տրամվայ-սրճարանը: Հոկտեմբերի 10-ին «Էրեբունի-Երևան» տոնակատարության ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի նկարչի տանը բացվեց «Երևանը և երևանցիները» գեղարվեստական ցուցահանդեսը: Իսկ հոկտեմբերի 12-ին հարուստ ծրագրով նշվեց «Էրեբունի-Երևան» ավանդական տոնը:

Տևական դադարից հետո՝ 2003թ. հոկտեմբերի 1-ին, նշվեց Երևանի 2785-ամյակը: Քաղաքի հրապարակներում, պողոտաներում, այգիներում, պուրակներում ու փողոցներում պատրաստված բեմահարթակների վրա մի քանի օր շարունակվում էին արվեստի խմբերի համերգները:

2004թ. սեպտեմբերի 23-ին` տոնի նախօրեին, ամփոփվեցին Երևանի օրհներգի մրցույթի արդյունքները: Առաջին տեղը գրավեց Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ և Պարույր Սևակի խոսքերով «Էրեբունի Երևան» երգը:

1968թ. «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած համաքաղաքային երգի տոնի ժամանակ «Էրեբունի-Երևան» երգի անդրանիկ կատարումն աննախադեպ էր և իր բացառիկությամբ, այն անմոռաց հետք թողեց մեր հինավուրց քաղաքի պատմության նորօրյա էջերում. երգը կատարում էր 2750-հոգանոց երգչախումբը` խորհրդանշելով մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակը: Նույն թվականի հոկտեմբերի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Երևանի օր» տոնակատարության հանդիսավոր նիստը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2786-ամյակին: Նիստում պաշտոնապես ընդունվեցին Երևանի խորհրդանիշները՝ դրոշը և օրհներգը՝ «Էրեբունի Երևան» որոնք մշտապես պահպանության հանձնվեցին Երևան քաղաքի պատմության թանգարանին: Նույնը օրը քաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցան քաղաքի տոնին նվիրված համերգներ:

Երևանի 2786-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակներում հոկտեմբերի 13-16-ը Վ. Մամիկոնյանի արձանին հարակից տարածքում անցկացվեցին սպորտային միջոցառումներ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Միսս Երևան 2004» գեղեցկության և նրբագեղության մրցույթը: <<Էրեբունի» թանգարանին հարակից տարածքում տեղի ունեցավ տոնական համերգ: Հանրապետության հրապարակում անցկացվեց մարզերի բերք ու բարիքի ցուցադրություն, հյուրասիրություն և տոնական համերգ, իսկ «Կասկադ» համալիրում՝ «Երևանը երգերի մեջ» մրցույթ-փառատոնը: Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց «Երևանն իմ աչքերով» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես, նշվեցին ծաղկի և գինու տոները: Տանոկան միջոցառումներն ավարտվեցին «Հրազդան» մարզադաշտում անցկացված գալահամերգով:

Հետագա տարիներին «Էրեբունի-Երևանին» նվիրված ամենամյա տոնակատարությունների ցանկը համալրվեց զանազան միջոցառումներով: Մայրաքաղաքի տարեդարձին նվիրված հիմնական տոնական միջոցառումների մեկնարկից առաջ, դեռ վաղ առավոտից Երևանի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցները, տոնական օրով պայմանավորված, առավել ջանասիրությամբ մաքրվում ու լվացվում են ջրցան մեքենաներով։ Վերջիններս, հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածում, մեքենաների յուրօրինակ շքերթ են կազմակերպում: Երևանի տարբեր բուհերում և այլ ուսումնական հաստատություններում սովորող կամավորները մասնակցում են մայրաքաղաքի մի շարք արձանների ու հուշարձանների լվացման աշխատանքներին։ Միջոցառումների շարքին է պատկանում նաև տոնական վազքարշավը, որի ժամանակ մայրաքաղաքի մարզադպրոցների սաներն ու նախաձեռնությանը միացած սիրողական մակարդակի վազորդները յուրովի են տոնում մայրաքաղաքի հերթական տարեդարձը: Հայաստանի ազգային հավաքականի հեծանվորդները մասնակցում են հեծանվավազքի ցուցադրական ելույթին: Միջոցառումների շարքում տեղ են գտնում նաև ռետրո ոճի մեքենաների ցուցադրությունը: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղակայված 26 բեմերում ներկայացվում են համերգային տարաբնույթ ծրագրեր՝ դասական, ռոք, ջազային երաժշտություն: Տոնական միջոցառումներ են տեղի ունենում նաև Հյուսիսային պողոտայում, որի ժամանակ բազմազան բեմերում մանկական, թատերական, կրկեսային ներկայացումներ, նորաձևության, խեցեգործության, գորգագործության, ասեղնագործության, փայտագործության և այլ ցուցադրություններ են իրականացվում: Տոնական միջոցառումենրը ավարտվում են «Էրեբունի-Երևան» տոնակատարության գլխավոր միջոցառմամբ, որն, ըստ ավանդույթի, տեղի է ունենում Հանրապետության հրապարակում, իսկ միջոցառման ավարտը զարդարում է շքեղ հրավառությունը: